Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներն այսօր՝ փետրվարի 22-ին, ՀՀԿ-ականներից պահանջեցին տեղեկություններ իմանալ իրավապահ մարմիններից քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի մասին եւ փոխանցել խորհրդարանին:

«Տարին սկսվեց մեր քաղաքացիների նկատմամբ հալածանքներով՝ Գեւորգ Սաֆարյանից մինչեւ Վարդգես Գասպարի: Մենք չենք պահանջում միջամտել ոստիկանության եւ դատախազության գործողություններին, այլ պահանջում ենք տեղեկություններ իմանալ նրանց մասին եւ հայտնել խորհրդարանին»,- ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ իր հերթին պահանջեց դադարեցնել հալածանքը քաղբանտարկյալների նկատմամբ:

«Հերիք է մեզ խայտառակել միջազգային ատյաններում եւ կործանել մեր պետությունը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ հորդորելով այսօր միանալ Գասպարիին նվիրված բողոքի ակցիային:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ Վարդգես Գասպարիի կալանավորելու հիմքերը մեղմ ասած կասկածելի են:

«Գասպարին ունի առողջական խնդիրներ՝ բարձր ճնշում, շաքարային դիաբետ: Այս պայմաններում նրան պահելը կալանավայրում խոշտանգում է»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքն արդեն երկու անգամ այցելել է քաղաքացիական ակտիվիստին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ի պատասխան հայտարարեց, որ իրենք դատապարտում են ցանկացած ոտնձգություն մարդու իրավունքների նկատմամբ եւ ժողովրդավարական երկրում չպետք է լինեն քաղբանտարկյալներ:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում թիվ ՎԴ/9157/05/13 վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիականեր եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական է մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ», ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում», «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:

Գասպարին կալանավորվել է փետրվարի 19-ին: