ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է անում պատգամավորներին լրագրողների հետ հարաբերություններում պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները:

«Վերջին տարիներին, ցավոք, ժամանակ առ ժամանակ ահազանգեր ենք ստանում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու կամ լրագրողների հասեցին հնչած վիրավորանքների, պիտակավորումների մասին: Որպես ԱԺ պատգամավոր եւ երկարամյա լրագրող՝ մտահոգություն եմ հայտնում այս փաստի վերաբերյալ եւ կոչ եմ լրագրողների հետ հարաբերություններում պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները,- այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով օրեր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքը, երբ վերջինը «նախիր» էր անվանել լրագրողներին, ապա նաեւ հայհոյել:

ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Հերմինե Նաղդալյանը նույնպես կոչ արեց խորհրդարանական գործընթացում ներգրավված անձանց իրար հետ հարաբերություններում պահպանել էթիկայի կանոնները: