Մոսկվայի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում այսօր` սեպտեմբերի 17-ին կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական` 47-րդ նիստը, որի աշխատանքներին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանը:

Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհրդի նիստում քննարկվել են եւ հավանության են արժանացել  երկու տասնյակից ավելի հարցեր: Մասնավորապես, հավանության են արժանացել Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի նախագիծը, Մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի նախնական նախագիծը, ԱՊՀ երկրների պարենային անվտանգության բարձրացման հայեցակարգի նախագիծը եւ այլ հարցեր: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՀՀ առեւտրային քաղաքականության մասին ամփոփ տեղեկատվությունը:

Մինչ նիստի աշխատանքների մեկնարկը, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամները եղել են Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում ներկայացված ազգային տաղավարներում: Այցելուների շրջանում իր բազմազանությամբ մեծ հետաքրքրություն է առաջացրել «Հայաստան» տաղավարը: Այն, ի տարբերություն ԱՊՀ մի շարք այլ երկրների տաղավարների, արդեն գործում է մի քանի տարի եւ ներկայանում է մշտական ցուցահանդեսով: Տաղավարում ցուցադրված է շուրջ 200 ձեռնարկության արտադրանք: Այն համարվում է լավագույններից, եւ որպես օրինակ ներկայացվել է ԱՊՀ մի շարք երկրների, որոնց տաղավարները դեռեւս լիարժեք չեն գործում: