Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը կարծում է, որ Իրանի վերադարձը բացասաբար կանդրադառնա գերհագեցած նավթային շուկայի վրա, սակայն դրան կարող են խանգարել հենց Իրանի ներսում գոյություն ունեցող արդյունաբերական խնդիրները:
«Ակնկալվում է, որ Իրանը 2016 թ. օրական լրացուցիչ 500 հազար բարել նավթ կհանի համաշխարհային շուկա, ինչը կխորացնի գների վրա ճնշումը», մեջբերում է Moody's–ի զեկույցը «Ռոյթեր» գործակալությունը:
Վարկանիշային գործակալության գնահատականով, միաժամանակ երկիրը նաեւ դժվարություններ ունի արտադրությունն ավելացնելու հարցում: Խոչընդոտներից մեկը ենթակառուցվածքի մաշվածությունն է, որի արդիականացման համար Իրանը ստիպված կլիներ 150-200 մլրդ դոլար ներդնել:
Իրանը հունվարի 16-ին ազատվել է երկրի նկատմամբ պատժամիջոցների մեծ մասից՝ այդ օրը ՄԱԳԱՏԷ-ն ներկայացրել է զեկույց, հաստատելով, որ Իրանի իշխանությունները պատրաստակամ են իրականացնել երկար բանակցությունների ճանապարհով ստեղծված ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել Իրանի միջուկային ներուժը: Ավելի ուշ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն հաստատել են, որ չեղարկում են հակաիրանական տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, որոնք պայմանավորված էին Իրանի միջուկային ծրագրով:
Իրանը պատժամիջոցների չեղարկումից հետո ձգտում է առավելագույնս ավելացնել նավթի արտահանումը, փորձելով վերադարձնել շուկայում պատժամիջոցների հետեւանքով իր կորցրած տեղը: Մասնավորապես երեքշաբթի հայտնի դարձավ, որ երկիրը մտադիր չէ զսպել նավթի արտադրության աճը եւ միանալ Սաուդյան Արաբիայի ու ՌԴ առաջարկին՝ արդյունահանման մակարդակի աճի սառեցման մասին, որի նպատակն է դադարեցնել նավթային գների հետագա անկումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























