Ռուսական մաֆիայի «կնքահայր» «Դեդ Հասան» մականունով Ասլան Ուսոյանի վիճակը շարունակում է ծանր մնալ։ Ինքը Ասլան Ուսոյանը հայտարարել է, որ չի պատկերացնում, թե ով կարող էր հարձակվել իր վրա։ Իրավապահների մյուս հարցերին վիրահատված քրեական հեղինակությունը հրաժարվել է պատասխանել։
Այն բանից հետո, երբ 2009 թվականին Մոսկվայում կրակել էին «գողական աշխարհի լեգենդ» Յապոնչիկի վրա, Ուսոյանը Մոսկվայի հաճախակի հյուրը չէր։ Նա նույնիսկ Իվանկովի (Յապոնչիկի) թաղմանը չէր ներկայացել։ «Օրենքով գողը» ժամանակի մեծ մասն անցկացնում է Սոչիում, Ղազախստանում եւ Աբխազիայում, ուր նա անշարժ գույք եւ առեւտրային շահեր ունի։ Վերջին երկրում էլ նա եղել է սեպտեմբերի սկզբին, իսկ օրերս վերադարձել էր Մոսկվա, ուր սովորաբար կանգ է առնում 48-ամյա որդու՝ Եվրոպայում բնակվող Նոդարի Ուսոյանի տանը։
Իրավապահները կարծում են, որ Ասլան Ուսոյանի վրա հարձակվել են նրա քրեական գործունեության հետեւանքով։ «Օրենքով գող» Տարիել Օնիանիի հետ հակասությունների վարկածին զուգահեռ շրջանառվում է նաեւ մեկ ուրիշը, ըստ որի նրանից կարող էին վրեժխնդիր լինել Յապոնչիկ մականունով «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի սպանության համար։




























