Անտարկտիդայում առաջին անգամ օդի ռեկորդային` 17,8 աստիճան ջերմություն է արձանագրվել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի առաջատար կլիմայագետներից Կամիլ Լասկան:
«Այդ փաստը հաստատում է գլոբալ տաքացման գործընթացի սաստկացումը, որ տեղի է ունենում ամբողջ մոլորակում: Ռեկորդը գրանցվել է անցյալ տարվա մարտի 23-ին` ավտոմատ չափման օդերեւութաբանական կայանում, որից գիտնականները տվյալներ են ստանում տարին մեկ անգամ այնտեղ այցելելիս անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու համար: Չեխական գիտական արշավախումբն անցյալ շաբաթ է Անտարկտիդայից վերադարձել այդ լուրով», - ասել է գիտնականը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Այնուամենայնիվ, գիտական սարքերի կողմից ջերմաստիճանի արձանագրման ճշգրտությունը պիտի դեռեւս հաստատի հատուկ հանձնաժողովը, որը կվկայի նրանց աշխատանքի ճշգրտությունը:
Ավտոմատ չափման օդերեւութաբանական կայանը տեղակայված է ծովից 500 մ բարձրության վրա` Անտարկտիդայի Ջեյմս Ռոսի կղզու սառցաշերտերից մեկի վրա: Այդ կղզում է գտնվում Մենդելի անվան բեւեռային կայանը, ուր Հարավային կիսագնդի ամռան ընթացքում այցելում են գիտական արշավախմբեր, որոնք նախ եւ առաջ կազմված են Բռնո քաղաքի (Հարավային Մորավիա) Տոմաշ Մասարիկի համալսարանի գիտնականներից:




























