Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջում կատարված փոփոխությունների հետեւանքով կարելի է հետեւել, թե գերատեսչությունները պետական գնումների գործակալությունից ինչպիսի գնումներ են կատարում։ Բոլորից շատ հայտ ներկայացնում է տրանսպորտի եւ կապի նախարարությունը՝ հիմնականում կամուրջների եւ ճանապարհների շինարարության նպատակով։ Վերջին ամիսների ամենախոշոր հայտը պատկանում է ԱԺ աշխատակազմին՝ 147 մլն դրամ (մոտ 400 հազ. դոլար) բազկաթոռների, համակարգչային եւ աուդիոտեխնիկայի գնման նպատակով։ Չգիտես ինչու՝ ԱԺ-ն բազկաթոռների եւ համակարգիչների հայտը ներկայացրել է միասին, որից պարզ չէ, թե դրանցից յուրաքանչյուրը հայտի մեջ ինչ մաս է կազմում։
Մի քանի հայտ ունի նաեւ նախագահի աշխատակազմը։ Օրինակ՝ 1,6 մլն դրամ (4300 դոլար) հեռուստացույցի համար կամ 6,5 մլն դրամ (17,8 հազ. դոլար) սերվերի մատակարարման։ Այս տարվա խոշոր ծախսերից է նաեւ արտաքին գործերի նախարարության հայտը՝ 60 մլն դրամի (165 հազ. դոլար) չափով մուտքի վիզաներ տպագրելու համար։
Բնապահպանության նախարարությունը դեռեւս հունիսին 29,5 մլն դրամ (80 հազ. դոլար) է ստացել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ծածկի, ջրահեռացման համակարգի եւ ցանկապատի վերականգնման աշխատանքների համար։ Հուսանք՝ գոնե այս տարի այդ աշխատանքները կավարտվեն։
Առողջապահության նախարարությանը 84 մլն դրամ (230 հազ. դոլար) է հատկացվել հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի դասընթացը վարող ուսուցիչների վերապատրաստման նպատակով։ Հուսանք՝ դպրոցականները այսուհետ կգնահատեն առավոտյան մարզանքի առավելությունը ծխախոտի նկատմամբ։





























