Այսօր Բուլղարիայում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջինը օրը տատամի դուրս եկան Հայաստանի հինգ ներկայացուցիչներից երեքը:
60 կգ քաշային Գոռ Հարությունյանը հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն պարտվեց ռուսաստանցի Յակուբ Շամիլովին: Բրոնզե մեդալի համար Հարությունյանը գոտեմարտեց Բելառուսը ներկայացնող Վահե Թութխալյանի հետ եւ հաղթեց երկու վազարիով`թույլ չտալով մրցակցին ոչ մի արդյունավետ հնարք կատարել:
66 կգ քաշային Գեւորգ Թորոսյանը պարտվեց հենց առաջին գոտեմարտում` իտալացի Էնրիկո Պարլատիին:
Հիշեցնենք, որ դարձյալ գերազանց ելույթ ունեցավ 55 կգ քաշային Գրիգոր Իվանյանը: Անցած ամիս Բեռլինում երիտասարդների Եվրոպայի գավաթը նվաճած Իվանյանը Բուլղարիայում հասավ մինչեւ եզրափակիչ: 1/8-րդ եզրափակիչում նա հաղթեց լուքսեմբուրգցի Թոմ Շմիտին, քառորդ եզրափակիչում` իսպանացի Խոակին Գոմիսին, իսկ կիսաեզրափակիչում` ֆրանսիացի Մաքսիմ Դյուֆոնին:
Եզրափակիչ գոտեմարտում Իվանյանի մրցակիցը վրացի Օթար Կայդարաշվիլին էր, որը հաղթեց չնչին առավելությամբ` երկու յուկո Կայդարաշվիլին վաստակեց, մեկ յուկո` Իվանյանը:




























