Հայ ազգային կոնգրեսի Մատենադարանի մոտ տեղի ունեցող հանրահավաքում ելույթ է ունեցել ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը, ով  ներկայացրել է հայտարարություն, հանրապետությունում օրեցոր ահագնացող տնտեսական վիճակի եւ գների աճի վերաբերյալ:

«Հայաստանում իշխող քրեաօլիգարխիկ համակարգը շարունակում է իր սեւ գործը: Դրամի արհեստական արժեւորումը մի կողմից մսխել է երկրի արժութային պահուստները, մյուս կողմից` քայքայել տեղական արտադրությունը: Հայաստանը պաշտոնապես արձանագրել է  ամենամեծ տնտեսական անկումը»,- նշել է նա ու հավելել. «Այս ճգնաժամը հաղթահարելու համար կառավարությունը լրացուցիչ արտաքին պարտքեր է կուտակել 1,5 մլրդ դրամի չափով: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, ամբողջ աշխարհում հարուստները կորցրել են իրենց կապիտալի 50-70 տոկոսը, իսկ Հայաստանում օլիգարխների ունեցվածքն աճել է: Վարչախմբի կոռուպցիոն եւ ավազակապետական լինելու մասին ավելի համոզիչ ապացույց դժվար է գտնել: Թալանի հիմնական միջոցներից մեկը շարունակում է մնալ գների արհեստական ու կամայական բարձրացումը` գազի, էլեկտրաէներգիայի եւ այլ ապրանքների տեսքով»:

Սամվել Աբրահամյանը նաեւ նշել է այն քայլերի հերթականությունը, որոց շնորհիվ  կարելի է դուրս գալ այս տնտեսական ճգնաժամից, արձանագրելով, սակայն, որ «Հայաստանի ավազակապետական վարչախումբն ի վիճակի չէ կատարել այդ քայլերը` երկիրը տանելով դեպի  տնտեսական վերջնական կործանում»: