Ակադեմիկոս, Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս  Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաեւ նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու նպատակով Հայաստանի նախագահի հրամանագրով հիմնվել է Վիկտոր  Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ: Մրցանակը շնորհվում է աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար: Քիչ առաջ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ 2010 թվականի մրցանակակիրների պարգեւատրումը: Մրցանակին արժանացել են շվեյցարացի հանրահայտ աստղաֆիզիկոս, Ժնեւի համալսարանի պրոֆեսոր Միշել Մայորն ու նրա գիտական խմբի երկու անդամները՝ Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինտիտուտի աշխատակից Գարիկ Իսրայելյանն ու Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից Նունո Սանտոսը:

Միշել Մայորը արեգակնային տիպի աստղի շուրջ պտտվող առաջին արեգակնային մոլորակի համահայտնաբերողն է: Նրա գիտական խմբի անդամներն ակնառու ներդրում են ունեցել մոլորակնային համակարգերի եւ նրանց կենտրոնական աստղերի հետազոտման բնագավառում:

Նշենք, որ մրցանակակիրներին ընտրել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի ղեկավարած՝ 9 հոգուց բաղկացած միջազգային հանձնաժողովը: Մրցանակ ստանալու համար առաջադրվել է 14 հավակնորդ՝ աշխարհի տարբեր երկրների ազգային ակադեմիաներից, համալսարաններից, աստղադիտարաններից: 

Մրցանակը, որը հիմնվել է նախագահ Սերժ Սարգսյանի 2009 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով, կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար: