Վրաստանի խորհրդարանը 73 քվեով միաձայն ընդունել է նոր Հարկային օրենսգիրքը: Ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել:

Վրաստանի ֆինանսների նախարար Կախի Բաինդուրաշվիլին հայտարարել է, որ նոր Հարկային օրենսգիրքը ոչ միայն իրավական փաստաթղթերի ժողովածու է, այլեւ «հարկային միավորում», որը գործարարներին եւ ձեռներեցներին զգալի արտոնություններ է խոստանում:

Օրենսգրքում քիչ չեն նորամուծությունները: Ստեղծվելու է հարկային օմբուդսմենի ինստիտուտ: Նոր մոտեցում է ցուցաբերվել պատժամիջոցներին, եւ եթե նախկինում դրամարկղային սարքի բացակայության համար ձեռներեցը տուգանվում էր, այժմ առաջին անգամ միայն զգուշացում կստանա, հաղորդում է «Վրաստան on-line»-ը: Կառավարությունը նաեւ ընդունել է ԶԼՄ-ները, առողջապահության եւ կրթության ոլորտները հարկերից ազատելու մասին հասարակայնության առաջարկները: Նոր Հարկային օրենսգիրքը ուժի մեջ կմտնի 2011թ. հունվարի 1-ից: