«Կան մարդիկ, ովքեր երկնքին նայելիս՝տեսնում են շատ ավելին, քան մենք: Այսօր այս սրահում, մենք շնորհավորում եւ մեծարում ենք հենց այդպիսիններին՝ Ժնեւի համալսարանի պրոֆեսոր Միշել Մայորին եւ իր գիտական խմբին, ովքեր տեսան ու աշխարհին պատմեցին այն, ինչը աշխարհը դեռ չէր տեսել»:
Քիչ առաջ Գիտությունների ազգային ակադեմիայում Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ աշխաչհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանն այն բացառիկ կերպարն է, ով բազմաթիվ հայ երիտասարդների համար դարձավ ոգեշնչող օրինակ եւ նրանք ընտրեցին աստղագետի եւ աստղաֆիզիկոսի մասնագիտությունները՝ հետագայում արձանագրելով լուրջ հաջողություններ միջազգային ասպարեզում: Հանրապետության նախագահն իր ելույթում նշեց նաեւ. «Ուրախ եմ, որ մեր մրցանակը գտել է իր առաջին արժանավոր դափնեկիրներին: Ես սրտանց շնորհավորում եմ նրանց այս հաջողության համար եւ մաղթում գիտական նոր բացահայտումներ: Սրանով, հարգելի մրցանակակիրներ, մենք ցանկանում ենք գնահատել ոչ միայն ձեր կատարած աշխատանքը, այլեւս հասարակական լայն հնչեղություն հաղորդել գյուտերին, որոնք ունեն համամարդկային նշանակություն: Մեր պրագմատիկ դարաշրջանում նոր արտաարեգակնային մոլորակների, նրանց կենտրոնական աստղերի հայտնաբերումն ու բնութագրումը, որոնք ուղղակիորեն կապված չեն անմիջական շահ եւ ֆինանսական օգուտ ստանալու հետ, կարող են շատ ռոմանտիկ զբաղմունք համարվել: Բայց մենք համոզված ենք, որ հենց նման գիտական նվաճումներն են, որ մեծ հաշվով ընդլայնել են մեր իմացության սահմաններն, ինչպես նաեւ առաջ մղել մարդկային քաղաքակրթությունը»:
Նախագահը շնորհակալություն հայտնեց մրցույթի կազմակերպիչներին ու հանձնաժողովի անդամներին, ովքեր անաչառ կերպով ընտրել են լավագույններին եւ մաղթեց, որ այսուհետ եւս հանձնաժողովը պահի չափանիշների բարձր նշաձող: «Ոգեւորիչ է, որ մրցանակային հիմնադրամի ձեւավորման հարցում պետությանը միացել են «Լույս» եւ «Փյունիկ» հիմնադրամները: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր հավատացին այս նախաձեռնության հեռանկարային ուժին եւ իրենց բարեհաճ նվիրատվություններով հնարավոր դարձրեցին այն կյանքի կոչել»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ չափազանց կարեւորում է այսպիսի կարեւոր միջոցառումներին պետությունից բացի նաեւ անհատների մասնակցությունը: Հանրապետության նախագահի խոսքով՝ Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը պետք է հզոր ազդակ հաղորդի գիտության վերելքին:
Նշենք, որ մրցանակը, որը հիմնվել է Սերժ Սարգսյանի 2009 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով, կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար: Այն շնորհվում է աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար:





























