Անհատը, ով իշխանության է եկել մարտի 1-ի  արդյունքում, բարոյական իրավունք չունի 49 տարով պայմանագիր կնքել այլ երկրի հետ: Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում նման հայտարարությամբ հանդես եկավ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետն առնվազն 49 տարով երկարաձգելու պայմանագրին: Նա անդրադարձավ այդ պայմանագրի բարոյական, տնտեսական ու քաղաքական ասպեկտներին նշելով. «Հոգեբանական առումով, դա խոսում է իշխանությունների անվստահության եւ վախեցած լինելու մասին: Քաղաքական առումով, իշխանությունները համաձայնել են մինչեւ 2044 թվականը իրենց շահերը համաձայնեցնել, որոշ դեպքերում էլ ստորադասել Ռուսաստանի շահերին: Ուզում են, որ իշխանությունը ձեւավորվի ոչ թե Հայաստանի ժողովրդի ցանկությամբ, այլ  Ռուսաստանի Դաշնության միջոցով: Տնտեսական առումով, մենք կողմնակից ենք բոլոր երկրների, այդ թվում Ռուսաստանի հետ հավասար, գործընկերային հարաբերությունների հաստատմանը»: Նա կարծիք հայտնեց, որ այս բոլոր խնդիրների, այդ թվում Ղարաբաղի հարցի լուծման բանալին ժողովրդավարական հասարակարգի հաստատման մեջ է: «Ժողովրդավարություն, հետո Ղարաբաղյան հարցի արժանապատիվ լուծում»,- իր խոսքն այսպես ձեւակերպեց նա:

Արամ Սարգսյանն անդրադարձավ նաեւ youtube-ում տեղադրված տեսանյութին, որտեղ սպան նվաստացնում ու ծեծում է հայ զինվորներին, նշելով. «Այդ տեսակին դուք տեսել եք 2004 թվականի ապրիլի 12-ին, մարտի 1-ի առավոտյան` անմեղ մարդկանց վրա հարձակվելիս, իսկ երեկոյան` թիկունքից կրակելիս: Այդ տեսակը Չարենցավանի ոստիկանությունում մարդ է սպանում: Քանի դեռ այդ տեսակը պարգեւներ ու կոչումներ է ստանում, Հայաստանն ապագա ունենալ չի կարող»: