Հայ ծրագրավորողների ստեղծած PicsArt ընկերությունը միացել է ընկերությունների եւ Կոնգրեսականների աճող ցուցակին, որոնք կոչով դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որպեսզի կրկնակի հարկումից խուսափելու ճանապարհով խթանեն Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրի աճը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահին ուղղված նամակում PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը նշել է, որ իր ընկերությունն ու Հայաստանում ՏՏ ոլորտում գործող շատ այլ կազմակերպություններ շահագրգռված են Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տնտեսական աճով, առեւտրային գործընկերության ընդլայնմամբ եւ հայ-ամերիկյան բարեկաման կապերի ամրապնդմամբ։ Մեհրաբյանը նամակում նշել է, որ հետագա կայուն զարգացումն ապահովելու համար իրենք պետք է հաղթահարեն երկկողմ համագործակցության արգելքները։ Եվ դրա առանցքային տարրերից մեկը պետք է լինի նոր Մաքսային պայմանագիրը, որը բացառում է կրկնակի հարկումը այն կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց համար, որոնք երկու երկրներում գործնական ակտիվություն են ծավալում։
PicsArt ընկերությունը, որն իր գրասենյակներն ունի Երեւանում եւ Սան Ֆրանցիսկոյում, միացել է տեխնոլոգիաների եւ գլոբալ բիզնեսի առաջատարներ Microsoft, FedEx, NASDAQ, Marriott, Grant Thornton ընկերություններին, որոնք տարիներ շարունակ ամուր երկկողմ տնտեսական հարաբերություններ են պահպանել երկու երկրների միջեւ այդ թվում2015թ. մայիսին ստորագրված Առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնության (TIFA) միջոցով։





























