ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում բնակվող ամուսնական զույգին մեղադրանք է ներկայացվել Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալին միջուկային գաղտնիքներ վաճառելու փորձ կատարելու համար, հայտնում է BBC News-ը։
Արգենտինայի քաղաքացի 75-ամյա Պեդրո Մասկերոնին 1979-1988 թվականներին Լոս Ալամոսի միջուկային հետազոտական կենտրոնում աշխատել է որպես գիտնական, քանի դեռ նրան աշխատանքից չեն հեռացրել ԱՄՆ միջուկային ծրագիրը քննադատելու համար: Նրա կինը՝ Մարջորի Մասկերոնին միեւնույն կենտրոնում աշխատել է որպես տեխնիկական գծով պատասխանատու։
2008 թվականին Մասկերոնին հանդիպել է վենեսուելացի ենթադրյալ գործակալի հետ եւ նրան առաջարկել իր օգնությունը Վենեսուելայում 10 տարում ատոմային ռումբ կառուցելու գործում։ Նա իր այդ ծառայություների համար պահանջել է 800 հազար դոլար եւ հետաքրքրվել, թե կարո՞ղ է, արդյոք, Վենեսուելայի քաղաքացիություն ստանալ։
Մասկերոնի ամուսինները ձերբակալվել են ուրբաթ օրը։




























