Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր` փետրվարի 24-ին, ԱԺ դահլիճում կրկին վիճեցին:

Հայկական վանակատի` օբսիդիանի, պետական տուրքը 100 հազար դրամ սահմանելու հարցի քննարկման ժամանակ Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե ԵՏՄ պայմանագրի որ կետով է սահմանվում ընկերությունների լիցենզավորումը: Հարակից զեկույցով հանդես եկող ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը դժվարացավ կոնկրետ կետը նշել, ապա հորդորեց ընդմիջմանը գնալ իր աշխատասենյակ` պայմանագրի այդ կետը ցույց տալու համար:

«Ընդմիջմանը գնանք, ցույց կտանք, ինչքան թուղթ ուզում եք, ցույց կտամ»,- բորբոքված ասաց Վարդան Այվազյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավորին այս պատասխանը չգոհացրեց, ինչից հետո երկու պատգամավորները սկսեցին վիճել:

«Պարոն Այվազյանը, վերջացրեք երկխոսությունը: Պարոն Բագրատյան, վերջացրեք»,- հորդորեց ԱԺ նիստը վարող Հերմինե Նաղդալյանը, ինչից հետո միայն պատգամավորները լռեցին:

Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով օբսիդիանի պետական տուրքը 10 մլն դրամից կիջեցվի 100 հազար դրամի: