Իրանը չի հրաժարվում Հայաստանի հետ երկաթգծի շինարարության նախագծից: Այդ մասին փետրվարի 24-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում պատասխանելով պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին` հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: 

Հունվարի 20-ին Հայաստանի տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելել էր Իրան, որտեղ իրանցի գործընկերների հետ հուշագիր է ստորագրել երկու երկրի միջեւ երկաթուղային միակցում ստեղծելու մասին:   

«Չեմ կարծում, թե Իրանի նման հզոր, իսկ հիմա նաեւ պատժամիջոցներից ազատ պետությունը կարող է հուշագիր ստորագրել, որից մեկ ամիս անց կհրաժարվի: Այդ հարցը եւ Իրանի, եւ Հայաստանի օրակարգում է», - հայտնել է Զախարյանը:  

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր Հայաստանի Տրանսպորտի նախարարության  «Երկաթգծի շինարարության տնօրինություն» ՊՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Շահնազարյանը, երկաթգծի շինարարության ժամկետը  6 տարի կկազմի, ինքնածախսածածկումը`  28 տարի, շահագործումը` 50 տարի: Շինարարության արժեքը կարող է մոտ  3,5 մլրդ դոլար կազմել: Այնուամենայնիվ, գնահատականները վերաբերում էին Մեղրի-Սեւան երթուղուն, մինչդեռ  այժմ քննարկվում է նաեւ սկզբնական երթուղին մինչեւ Երասխ (Արարատի մարզ):