Հայկական կողմը զգուշավոր լավատեսությամբ է տրամադրված կապված այն հանգամանքի հետ, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո այդ երկրի հետ առեւտրի աճը կթեթեւացնի Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը: Այս մասին գրում է Intellinews-ը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ հոդվածագրի, վերջերս անդրադարձավ երկրի տարածաշրջանային դժվար իրավիճակին՝ նշելով, որ իր երկիրը «պետք է հարմարվի այն մտքին, որ արեւելքում եւ արեւմուտքում իրական գործընկերներ չունի: Եկեք մտածենք, որ այնտեղ անանց ճահիճ է»:
Ըստ հոդվածի, Սարգսյանի հայտարարությունները հետեւեցին անցյալ տարվա դեկտեմբերին Շվեյցարիայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անհաջող հանդիպմանը:
«Սարգսյանն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւին հանդիպեց՝ նպատակ ունենալով քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ բռնությունների դադարեցման հարցը: Կողմերի միջեւ բանակցություններում վերջին դադարը հակամարտության լուծման քիչ հույս է ներշնչում, որը ձգվում է 1994 թվականի մայիսին հրադադարի մասին համաձայնության ձեռքբերման ժամանակներից ի վեր»,- ընդգծել է հոդվածագիրը: Միաժամանակ, աճում է լարվածությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ:
«Հաշվի առնելով սեփական ֆինանսական խնդիրները՝ Ռուսաստանն ի վիճակի չէ շատ բան առաջարկել Հարավային Կովկասում իր «ամենաջերմ դաշնակցին» տնտեսական աջակցության տեսանկյունից:
Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը կարող է թեթեւանալ հարավում տեղի ունեցած իրադարձությունների շնորհիվ: Հունվարին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո հայերը գնահատեցին ռիսկերն ու հնարավորությունները՝ կախված Իսլամական հանրապետության հետ բիզնեսի ծավալների ավելացման հետ: Դա պայմանավորված էր վերջին ամիսների ընթացքում հայկական եւ իրանական պաշտոնատար անձանց միջեւ մի շարք հանդիպումներով: Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձել են հիվանդանոցների եւ երկաթուղու շինարարությանը, զբոսաշրջության ոլորտին եւ Հայաստանի դերին՝ որպես իրանական գազի համար տարանցման երկիր»,- ամփոփել է Intellinews-ի հոդվածագիրը:




























