ԱՄՆ հատուկ ծառայությունների խնդրանքով iPhone սմարթֆոնների համար ծրագրային ապահովման համակարգ ստեղծելը նման է արհեստական քաղցկեղի ուռուցքի։ Այս մասին ABC-ին տված հարցազրույցում ասել է Apple-ի ղեկավար Թիմ Քուքը։

«Տեղեկություն ստանալու միակ միջոցը ծրագրային ապահովում ստեղծելն է, որը մենք դիտարկում ենք որպես քաղցկեղին համարժեք մի բան»,- ասել է Քուքը։ Նա հնարավոր է համարել, որ եթե դատարանը Apple-ին պարտադրի նման ծրագիր մշակել, ապա հետագայում նույն կերպ ընկերությանը կարող են ստիպել քաղաքացիներին հետեւելու ծրագիր ստեղծել։ «Ես չգիտեմ, թե որտեղ է դրվելու սահմանը։ Բայց ես գիտեմ, որ դա այն չէ, ինչ պետք է լինի մեր երկրում»,- ասել է Քուքը։

Միաժամանակ The New York Times-ը  հայտնում է, որ Apple-ի մասնագետները զբաղվում են սմարթֆոնների ավելի լուրջ պաշտպանության համակարգ ստեղծելով, որպեսզի թույլ չտան ԱՄՆ իշխանությունների կողմից դրանց կոտրումը, փոխանցում է Lenta-ն։

Փետրվարի 23-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ իշխանությունները Apple-ից պահանջում են 10 սմարթֆոնների մասին տեղեկություններ տրամադրել իրենց։