ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեռեւս չի կարող ասել՝ քաղաքացիական ակտիվիստ, կալանավորված Վարդգես Գասպարի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, թե ոչ:
«Քաղաքական հետապնդում տեսնելու համար նախ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր իրավական հիմքերը պատշաճ կարգով ուսումնասիրվեն, եւ դրան գնահատական տրվի: Այս պահի դրությամբ կան որոշակի որոշումներ դատական իշխանությունների կողմից կայացված: Կգա մի պահ, երբ ես իրավասու կլինեմ արտահայտել իմ դիրքորոշումը»,-այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին լրագրողներին ասել է Արփինե Հովհաննիսյանը:
Արդարադատության նախարարը դիրքորոշում չի հայտնել նաեւ փետրվարի 24-ին Վարդգես Գասպարիին «Նորք» հոգեբուժարան դատահոգեբանական փորձաքննության ուղարկելու վերաբերյալ:
«Այս պահին, եթե ես դիրքորոշում հայտնեմ, դա կդիտվի որպես միջամտություն»,-նշել է նախարարը:
Վարդգես Գասպարին դադարեցրել է կալանավայրում օրեր առաջ սկսած հացադուլը եւ ջրադուլը: Այսկերպ նա բողոքում էր իրեն անհիմն կալանավորելու դեմ: ՄԻՊ գրասենյակի փոխանցամբ, Գասպարին իրենց արագ արձագանքման խմբի փետրվարի 24-ի այցելությունից հետո է որոշել դադարեցնել հացադուլը եւ ջրադուլը:
Նշենք, որ փետրվարի 19-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին: նա հայտարարել է, որ խցում իր նկատմամբ բռնություն է կիրառվել:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:











