Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար, ՀՅԴ–ական Լեւոն Մկրտչյանը վստահեցնում է, որ ինքը բիզնեսով չի զբաղվում։ Այսօր` փետրվարի 25-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ թեեւ ազատագրված տարածքներում հիդրոկայանների շինարարությունում իր ընտանիքը ներդրումներ է արել եւ մասնաբաժին ունի դրանցում, սակայն ինքը բիզնեսմեն չէ։

 «Ես բիզնեսմեն չեմ, երբեք չեմ էլ եղել: Մենք մի քանի ներդրում ունենք ազատագրված տարածքներում, բայց` ընդամենը 3-4 տոկոս. հիմնական ներդրումները դրսից են: Այդ կողմից շատ թափանցիկ եւ հստակ է իմ գործունեությունը` ես եմ, կինս, երեխաս. կլանային ոչ մի բան չկա»,- նշեց նա:

Լեւոն Մկրտչյանը հերքեց նաեւ Երեւանում շենքեր, տարածքներ ունենալու մասին լուրերը։

 «Մենք երեւանցի ենք` իմ ընտանիքը, եղբայրները, հորեղբոր տղաները, ամեն մեկը այս երկրում ապրում է, եւ եթե բարեկամական ամբողջ փաթեթը գրեն մեկի վրա, դա ճիշտ չէ»,- նշեց Լեւոն Մկրտչյանը: