Սասուն Գալստյան. ահա այն սպայի անունը, ով youtube-ի հայտնի տեսանյութում դաժանաբար նվաստացնում էր հայ զինվորներին: «Ժամանակ» թերթի փոխանցմամբ, Գալստյանը մայորի կոչում ունի եւ «Եղնիկներ» զորամասում գումարտակի հրամանատարի տեղակալն է:
Նշենք, որ սեպտեմբերի 11-ին youtube-ում աղմկահարույց տեսանյութ է տեղադրվել, որտեղ պատկերված կիսամերկ մի անձնավորություն դաժան վերաբերմունքի եւ ստորացման էր ենթարկում զինված ուժերի երկու զինծառայողների: Նա ջուր էր լցնում զինվորների ականջների մեջ եւ հարվածում ականջներին:
Նշենք նաեւ, որ արդեն սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում Պնախարար Սեյրան Օհանյանն ընդգծել էր, որ չի հավատում այդ տեսագրությանը, որ հայկական բանակում նման դեպքեր են լինում: Օհանյանը հայտարարել էր, որ ներկայումս տեսագրությունը գտնվում է մասնագետների փորձաքննության ներքո: «Բայց եթե պարզվի, որ նման դեպք է եղել, նա ով դաժանաբար է վարվել զինվորների հետ, խստորեն պատժվելու է: Ցավոք, մենք դեռ այդ մարդուն չենք գտել»,- նշել էր Օհանյանն ու հավելել, որ խստորեն պատժվելու են այդ տեսագրությունները youtube-ում տեղադրող անձինք:




























