ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքելն է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության բաց նամակին, որտեղ նշվում էր, որ Թեղուտի հանքավայրի պոչամբարից դուրս եկող թափոնաջրերը լցվում են Շնող գետը՝ դառնալով աղտոտման լուրջ աղբյուր:

ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանում, մասնավորապես, նշվում է.

«Ի պատասխան Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված բաց նամակի՝ հայտնում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում Լոռու մարզում կլիմայական պայմանների կտրուկ փոփոխության (տեղումներ, արագ ձնհալ) հետեւանքով 2016թ. փետրվարի 5-ին եւ 6-ին «Թեղուտ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի շրջանառու ջրի պոմպակայանով երկրորդային պարզեցման ավազանում կուտակվող շրջանառու ջուրն ամբողջությամբ հնարավոր չի եղել մղել արտադրություն, ինչի արդյունքում ոչ տեւական ժամանակով վթարային պարզարանից արտահոսք է տեղի ունեցել Շնող գետ:

ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի կողմից համապատասխան ցուցում է տրվել ընկերությանը` ձեռնարկել միջոցներ հարստացուցիչ ֆաբրիկայի շրջանառու ջրի պոմպակայանը լրացուցիչ հզորությամբ համալրելու եւ հետագայում նման վթարային արտահոսքերը շրջակա միջավայր բացառելու ուղղությամբ:

Ընկերությունը 11.02.2016թ. գրությամբ հավաստիացրել է, որ սկսել եւ ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ խնդրի կարգավորման ուղղությամբ, մասնավորապես՝  վթարային պարզարանում տեղադրվելու է լրացուցիչ պոմպ արտահոսքերը բացառելու նպատակով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի N839-Ա որոշման դրույթների համաձայն, տնտեսվարողների մոտ ստուգումների գործընթացը ՀՀ կառավարության 2016թ. հունվարի 14-ի N 43-Ա որոշմամբ  կասեցված է մինչեւ 2016թ. հուլիսի 1-ը: Վերոնշյալ որոշումը վերաբերում է նաեւ բաց նամակում  նշված «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածին:

Սահմանված կարգով ընկերությունում ստուգում իրականացնելուց հետո արդյունքների վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության փոխանցմամբ, Թեղուտի հանքավայրի պոչամբարից դուրս եկող թափոնաջրերը լցվում են Շնող գետը՝ դառնալով աղտոտման լուրջ աղբյուր, հաղորդում է Համահայկական բնապահպանական ճակատը: «Որքան էլ «Վալլեքս» ընկերությունը պնդում էր, թե պոչամբարից դեպի բնական միջավայր արտահոսք չի լինելու՝ իրականությունը լրիվ այլ է եւ շատ դառը»,-գրել էին հեղինակները:

Թեղուտի հանքավայրի դառը հետեւանքները. անհայտ հեղուկը հոսելով խառնվում է Շնող գետին