Տաղավարների բարձր վարձավճարների դեմ այսօր՝ փետրվարի 26-ին, վաղ առավոտից բողոքի ակցիա անցկացնող՝ Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները պահանջում են հանդիպում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ աշխատակիցների խոսքով՝ խորհրդարանական ընտրություններին իրենց ձայնը տվել են գործարար Սամվել Ալեքսանյանին, հետեւաբար, պահանջում են, որ այս պահին նա իրենց աջակցի եւ հարցին լուծում տա:

«Էս տարածքի պատգամավոր ում որ ընտրել ենք, թող ինքն էլ գա, էս հարցին լուծում տա: Բա ո՞ւր ա, ինչի՞ չկա: Պահանջում ենք, որ գա»,- նշեցին տոնավաճառի աշխատակիցները՝ տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո:

Նշենք, որ Սամվել Ավետիսյանն ու բողոքող աշխատակիցները դեռեւս չեն կարողանում համաձայնության գալ՝ տաղավարների գնի վերաբերյալ: Աշխատակիցները պահանջում են, որ 120 հազար դրամի փոխարեն վճարեն 80 հազար դրամ, իսկ հարկային հաշվետվությամբ էլ զբաղվի տնօրենը: Սամվել Ավետիսյանը, սակայն, չի շտապում կատարել աշխատակիցների պահանջը՝ նշելով, որ այդ առաջարկը ձեռնտու չէ, իսկ ինքն էլ ցանկացած պահի կարող է փակել տոնավաճառը:

Տնօրենը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ բողոքող աշխատակիցներին այլ մարդիկ են ուղղորդում: Թե ում մասին է խոսքը, Սամվել Ավետիսյանն անուններ չտվեց:

Հիշեցնենք, որ մի քանի հարյուր աշխատակիցներ գործադուլ են հայտարարել ու արդեն մի քանի ժամ է՝ բողոքի ակցիա են անցկացնում տոնավաճառի մոտ:

Ակցիան հսկում են ոստիկաններ: