Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 18-ին ընդունել է Ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինին, ում մանդատի ժամկետը Հայաստանում ավարտվում է:

Վարչապետը կարեւորել է Հայաստանում ներքին տեղահանվածների խնդիրների լուծման հարցում ՄԱԿ-ի համապատասխան օղակների կողմից օժանդակության տրամադրումը, հավելելով, որ Հայաստանում ներքին տեղահանվածների վիճակին առնչվող խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում։ Այդ համատեքստում Տ. Սարգսյանն ընդգծել է տեղահանված անձանց բնակարաններով եւ աշխատանքով ապահովելու կարեւորությունը։

Ուոլտեր Կալինն իր հերթին ասել է, որ 2009 թվականին Ժնեւում փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ հանդիպման ժամանակ իրեն է ներկայացվել  վերադարձի ծրագրի նախագիծը։ Անհրաժեշտ համարելով ներքին տեղահանվածների ապահովումը ոչ միայն բնակարաններով, այլեւ սոցիալական բարեկեցիկ պայմաններով` Ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն առաջնային է համարել նախագծի վերանայումն ու լրամշակումը։ Դրան ի պատասխան վարչապետը նշել է, որ փոխվարչապետին կտրվի համապատասխան հանձնարարական ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ  միասին աշխատելու նախագծի վերամշակման ուղղությամբ։

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են 2011 թվականի սկզբին կազմակերպվելիք դոնոր կազմակերպությունների կոնֆերանսին։