Երեւանում այսօր՝ փետրվարի 26-ին, մի քանի տասնյակ կենդանասերներ բողոքի ակցիայով քաղաքապետարանից պահանջեցին դադարեցնել թափառող շների սպանդը, որը վտանգում է ոչ միայն շների, այլեւ քաղաքացիների կյանքը:

NEWS.am-ի թղթակիցը փոխանցում է, որ քաղաքապետարանից այդպես էլ ցուցարարներին ոչ մի ներկայացուցիչ չմոտեցավ, ինչից հետո նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ Կառավարության շենք՝ վանկարկելով «Դադարեցրեք շների սպանդը», «Երեւանը սպանդանոց չէ»:

Կառավարությունից կենդանասեր ցուցարարները պահանջեցին ընդունել Կենդանիների պաշտպանության մասին օրենք, որը կարգելի շների սպանդը:

Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը մոտեցավ ցուցարարներին, լսեց նրանց պահանջը՝ ասելով, թե թափառող շներն են քաղաքացիների համար վտանգ սպառնում, ոչ թե նրանց սպանդը:

Ալեքսանդր Ղազարյանը որպես իր խոսքերի ապացույց օրինակ բերեց իր անձնական մեքենայի քերծվածքները, որոնք, ըստ նրա, հենց թափառող շների «թաթերի գործն են»,ինչը ցուցարաներին զավեշտալի եւ անհամոզիչ թվաց:

Կենդանիների պաշտպանության մասին օրենք ընդունել պահանջող ցուցարարներին Ղազարյանը խնդրեց գրավոր դիմել Կառավարություն, այն դեպքում, երբ ըստ «Դինգո» կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության կոորդինատոր Գոհար Մանուշակյանի, գրավոր դիմումը ներկայացվել է դեռեւս ամիսներ առաջ: Իսկ երկու տարի առաջ ներկայացրել են Կենդանիների պաշտպանության մասին օրենքի նախագիծը:

Ավարտելով ակցիան՝ ցուցարարները հայտարարեցին, որ դիմելու են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ միջազգային կենդանապաշտպան կառույցներին, որոնցից խնդրի լուծման հարցում աջակցություն են ակնկալում:

Նշենք, որ ցուցարարներից մեկը կրում էր արյունոտ ջինսե տաբատ՝ ցանկանալով ցույց տալ, որ թափառող շների սպանդից վտանգվում է նաեւ քաղաքացիների կյանքը: Կենդանասերները վերսկսել են իրենց ցույցերը այն բանից հետո, երբ Երեւանում եւ մարզերում գրանցվել են թափառող շների սպանդի մի քանի դեպքեր: