Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ այսօր՝ փետրվարի 26-ին ազատ արձակված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին որպես կալանավորի են բերել Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ պետք է քննվի նրա դեմ հարուցված քրեական գործը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ թեեւ Գասպարիի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ որոշումը կայացվել է ժամեր առաջ, սակայն նրա փաստաբաններից մի քանի ժամ էր պահանջվել որոշումը ստանալու համար, ինչի պատճառով նրանք այն չեն կարողացել ներկայացնել «Նուբարաշեն» ՔԿՀ: Հենց որոշումը չներկայացնելու պատճառով է Գասպարին դատարան բերվել որպես կալանավոր:
Այս պահին դատական նիստը ընդմիջվել է: Դատարանի նիստերի դահլիճում են ինչպես լրագրողներ այնպես էլ, քաղաքացիներ: Նրանք իրենց հետ բերել են «Հայաստանի դատավորներն անարժանապատիվ եւ անինքնասեր են» «Ոստիկաններ եւ ձեր ներկայացուցիչներ, դուք հանցագործ սրիկաներ եք» գրությամբ պաստառներ:
Դատարանի դահլիճում է նաեւ Վարդգես Գասպարիի կինը:
Նախատեսվում է որ նիստերի դահլիճից Վարդգես Գասպարիին ազատ կարձակվեն:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է:
Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:














