Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ այսօր՝ փետրվարի 26-ին, ազատ արձակված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործով նիստի մեկնարկը թեժ մթնոլորտում է անցել:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատական նիստի սկզբում դատավորը հայտարարել է, թե Վարդգես Գասպարին ավելի վաղ հրաժարվել է իր փաստաբաններ Տիգրան Եգորյանի եւ Լուսինե Հակոբյանի ծառայություններից, ուստի նրանք գործում ներգրավված չեն, ինչին ի պատասխան Գասպարին հայտարարել է, որ երբեւէ չի հրաժարվել նրանցից, «դատարանը ստում է»:

Դատավորը Գասպարիից հետաքրքրվեց՝ արդյոք ցանկանում է, որպեսզի փաստաբանները կրկին ներգրավվեն գործում:

Փաստաբան Տիգրան Եգորյանը միջամտեց, ասելով, որ Գասպարին արդեն ամեն ինչ ասել է, դատավորը կարող է մյուս հարցերը իրեն ուղղել, ինչից հետո լեզվակռիվ սկսեց դատավորի եւ փաստաբանի միջեւ:

Դատարանը Եգորյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար սանկցիա կիրառեց, ինչին բուռն արձագանքեցին Գասպարիին սаտարելու եկած քաղաքացիները: Վերջինները սկսեցին բռունցքներով հարվածել դահլիճը առանձնացնող ապակուն՝ բղավելով «Աննորմալներ, աննորմալներ»:

Դատական նիստը ընդմիջվեց, ապա վերսկսվեց:

Նշենք, որ Գասպարին  «Նուբարաշեն» ՔԿՀ-ից կալանավորի կարգավիճակով էր տեղափոխվել Շենգավիթի դատարան, քանի որ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը փաստաբանները չէին ստացել եւ ՔԿՀ չէին ներկայացրել: Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց որոշումը, Գասպարին այժմ ազատության մեջ է:

Գասպարիին սատարող եկածները իրենց հետ բերել են «Հայաստանի դատավորներն անարժանապատիվ եւ անինքնասեր են» «Ոստիկաններ եւ ձեր ներկայացուցիչներ, դուք հանցագործ սրիկաներ եք» գրությամբ պաստառներ: 

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել էր:

Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: