Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ այսօր՝ փետրվարի 26-ին, ազատ արձակված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պնդում է, որ ինքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարության հրահանգով է բռնության ենթարկվել խցակիցների կողմից: (ֆոտոռեպորտաժ)

Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում իր դեմ քրեական գործով նիստից հետո փետրվարի 19-ից կալանավորված ակտիվիստը լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ իրեն բռնության ենթարկած խցակիցները նախքան այդ հեռախոսազանգեր են ստացել այդ հրահանգով:

 «Ինձ տարան մի խուց, որը հացադուլավորների համար չէր նախատեսված, թեեւ ես հացադուլի եւ ջրադուլի մեջ էի: Մենք 5 հոգով էինք, ինչը ինձ մոտ կասկածներ առաջացրեց, քանի որ այդ խցերը սովորաբար գերծանրաբեռնված են: Քիչ էին, որպեսզի իմ բռնությանը հնարավորինս քիչ մարդ ականատես լինի: Խցակիցներիցս 3-ը հեռախոսով ստացան հրահանգներ եւ սկսեցին բռնություններ կիրառել, կատաղած գիշատիչների նման էին: Մահճակալիս պառկած էի, ոտքերով կողերիս էին խփում,  ասում էին՝ հացադուլի խուց չի, վեր կաց, հաց կեր, սեռական վերջին հայհոյանքներ էին տալիս: Իրենք գիտեն, եթե պալաժենիայի հրահանգը չկատարեն, կենթարկվեն կրկնակի բռնության: Հսկիչն էր կարծում եմ, դրսից հարցրեց՝ ամեն ինչ նորմա՞լ է, ասեցին, հա, վերեւներից տեղյակ են»,-ասաց Գասպարին:

Ակտիվիստը նշեց, որ պահանջելու է, որ կալանավայրում իր նկատմամբ բռնություն կիրառած կալանավորները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի կալանավայրերում խցակիցների նկատմամբ բռնությունները դադարեն: 

«Նրանք պետք է պատժվեն, նրանք ինձ նվաստացրել են, հողին հավասար, որը վերականգնելու համար 100 մլն դոլար կպահանջեմ կամ կալանավայրում իրավիճակի փոփոխություն: Նուբարաշենում կեսը, եթե ոչ 70-80 տոկոսը, սարսափելի վախվորած վիճակում է ապրում, փշի վրա, դա կալանավայր չէ, այլ սպանդանոց: Եթե իմ ձայնը լսող կա, իրենցը չկա, կորած մարդիկ են: Ես դժգոհություն էի հայտնել դիտորդներին, որ իրենք ոչ մի ազդեցություն չունեն:  Իրավապաշտպան հանրությունը եւ մենք՝ քաղաքացիներս, այս հանգամանքը պետք է պահենք օրակարգի մեջ, որ այս հարցը լուծվի »,-ասաց Գասպարին:

Վարդգես Գասպարին նաեւ հայտնեց, որ չի ցանկանա կրկին ենթարկվել կտտանքների, ուստի կփորձի չընդդիմանալ եւ ներկայանալ դատական նիստերին: 

«Դատավորի քմահաճույքներին եւ անօրինականություններին ընդդիմանալը հավասար է քրեական տարրերի կտտանքներին, որոնց չէի ցանկանա կրկին ենթարկվել: Ես այդ հոգեբանական բռնությունը դեռեւս չեմ մոռացել»,-ասաց նա: 

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է:

Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: