Իրանի իշխանությունները որոշել են երկու ժամով երկարացնել երկրի խորհրդարանի (Մեջլիսի) եւ Փորձագետների խորհրդի անդամների ընտրությունների քվեարկոթյունը: Պատճառն ընտրողների մեծ թիվն է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

«Քվեարկությունը երկու ժամով երկարացվել է՝ մինչեւ տեղական ժամանակով 20:00-ն»,- հաղորդել է Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին:

Ուրբաթ Իրանում Մեջլինի եւ Փորձագետների խորհրդի ընտրություններ են անցկացվում: Պատգամավորական 290 աթոռի համար պայքարում է շուրջ 5 հազար թեկնածու: Խորհրդարանի լիազորությունների ժամկետը 4 տարի է:

Այս երկրում կարեւոր մարմին է նաեւ Փորձագետների խորհուրդը, որում Իրանի 88 հեղինակավոր հոգեւոր անձ է ընդգրկվում: Պետական այս մարմինն ընտրվում է 8 տարի ժամկետով: Փորձագետների խորհուրդն իրավունք ունի, մասնավորապես, ընտրել Իրանի գերագույն առաջնորդին, որն այս երկրում ավելի կարեւոր պաշտոն է, քան նախագահինը:

Քվեարկությանը մասնակցում է ընտրելու իրավունք ունեցող շուրջ 55 մլն իրանցի:

Ընտրություններն անցկացվում են Իրանի միջուկային ծրագրի պատճառով երկրի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո ձեւավորված նոր մթնոլորտում: 2015 թվականի ամռանը Թեհրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» բազմամյա խնդրի կարգավորման շուրջ պատմական համաձայնություն ձեռք բերեցին: