Հայաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում տեղակայված լուրի համաձայն՝ ՀՀ ԿԲ եւ Կառավարության կողմից համատեղ իրականացված ապադոլարայնացման միջոցառումների արդյունքում փողի ագրեգատների դրամային բաղադրիչներն առաջանցիկ աճ են արձանագրել ընդհանուրի համեմատ. փողի զանգվածն ամսվա ընթացքում աճել է 1 տոկոսով, դրամային զանգվածը` 1.6 տոկոսով, դրամային ավանդներն ավելացել են 1.9 տոկոսով, արտարժութային ավանդները` 0.2 տոկոսով (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ 1.6 տոկոս-ով): 

Արդյունքում դոլարիզացիայի մակարդակը, շարունակելով նախորդ ամիսներին արձանագրած միտումները, նվազել է 0.7 տոկոսով: Այդուհանդերձ, ԿԲ-ն տեղեկացնում է, որ տնտեսության վարկավորման գերակշիռ մասը շարունակում է իրականացվել արտարժույթով. նախորդ ամսվա նկատմամբ դրամով վարկավորման աճը կազմել է 0.5 տոկոս, իսկ արտարժույթով վարկավորման աճը` 2.3 տոկոս: