Սեպտեմբերի սկզբից համաշխարհային բորսաներում շաքարի գներն աճել են 24 տոկոսով։ Շաքարի շուկան ձգտում է հասնել հացահատիկային եւ ձիթատու կուլտուրաների աճող գների հետեւից։ Այդ մասին են վկայում Նյու Յորքի (ICE) եւ Լոնդոնի (LIFFE) բորսաների տվյալները։ Եթե 2010 թ. սեպտեմբերի սկզբին շաքարավազի հումքը Նյու Յորքի բորսայում արժեր 20 ցենտ 1 ֆունտի համար (1 ֆունտը հավասար է 0,454 կգ), ապա սեպտեմբերի 17-ին գինը կազմել է 24,89 ցենտ (հոկտեմբերի մատակարարումների համար)։ Լոնդոնի բորսայում տարեսկզբին սպիտակ շաքարն արժեր 525 դոլար տոննայի համար, իսկ սեպտեմբերի 17-ին՝ 616 դոլար (դեկտեմբերի մատակարարումների համար)։

Շուկայի վերլուծաբանների կարծիքով՝ շաքարավազի գնային թռիչքը ավելի շուտ սպեկուլյատիվ բնույթ ունի։ Մասնավորապես՝ ջրհեղեղը Պակիստանում ոչնչացրել է մոտ 80 հազ. հա շաքարեղեգի պլանտացիա, ինչ հետեւանքով երկրի շաքարի գործարանները 500 հազ. տոննայով պակաս շաքար կարտադրեն։

Շաքարի արտադրության հետ կապված բարդություններ կան նաեւ մեր տարածաշրջանում։ Վրացական GHN գործակալությունը տեղեկացնում է, որ երկրի շաքար արտադրող «Ագարա» ընկերությունն, ամենայն հավանականությամբ, կբարձրացնի շաքարավազի գինը։ Ի դեպ՝ մինչեւ Գյումրիի շաքարավազի գործարանի կառուցումը այս ընկերությունը հանդիսանում էր դեպի Հայաստան շաքարավազի հիմնական մատակարարներից մեկը, քանի որ միակն էր տարածաշրջանում։ «Միջազգային շուկայում նկատվում է գների աճ, եւ հետեւաբար՝ մեզ հայտնի չէ, թե որքան կարող ենք գինը պահպանել։ Համաշխարհային շուկայում գները հիմնականում կապված են ճակընդեղի բերքի հետ, որը հավաքում են հենց այս շրջանում։ Եթե բերքը վատ լինի, ապա շաքարավազի արտադրության գիգանտները՝ Ուկրաինան եւ Ռուսաստանը, կսկեն այլ հումք օգտագործել, որը կստեղծի հումքի դեֆիցիտ»,-ասել է  «Ագարայի» փոխտնօրեն Լաշա Իսակաձեն։ Ներկայում 1 պարկ շաքարավազը վրացական ընկերությունը վաճառում է 82,3 լարիով (1 կգ-ը 324 դրամ), սեպտեմբերի սկզբի 74,6 լարիի (1 կգ-ը՝ 294 դրամ) համեմատ։

Գների աճից չեն խուսափել նաեւ երեւանյան խանութները, որտեղ շաքարավազը վերջին օրերին թանկացել է 10-20 դրամով եւ այսօրվա դրությամբ արժե 300-320 դրամ (82-88 ցենտ)։