Apple-ը նոր սմարթֆոն է մշակում, որի պաշտպանության համակարգը չի կարող կոտրել անգամ ինքը՝ Apple-ը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: CNN-ի փոխանցմամբ՝ ընկերությունը մտադիր է այդ համակարգը ստեղծել առաջիկա ամիսների ընթացքում:
Նշենք, որ Քալիֆորնիայի դատարանը փետրվարի 16-ին Apple-ին պարտավորեցրել էր փոխել iPhone 5S սմարթֆոնների ծրագրային ապահովման համակարգն այնպես, որ ՀԴԲ-ն կարողանա հասանելիություն ստանալ Սան Բեռնարդինոյում 2015թ. դեկտեմբերին 14 մարդու կյանք խլած ահաբեկչության հեղինակներից մեկի հեռախոսին:
Apple-ը պետք է դատարանի վճիռն ի կատար ածի մինչեւ 2016թ. փետրվարի 26-ը, փոխանցում է RSN-ը:
Դրան ի պատասխան՝ ընկերության ղեկավար Թիմ Քուքը հայտնել է, որ դատարանի վճիռը սպառնում է Apple-ի հաճախորդների անվտանգությանը:
«ԱՄՆ կառավարությունը Apple-ից պահանջում է կոտրել սեփական օգտատերերի հեռախոսների անվտանգության համակարգը եւ սասանել անվտանգության ոլորտում տասնամյակներ շարունակ ձեռք բերած հաջողությունները»,- ասել է Քուքը:




























