Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն վերջին ցուցումներն է տալիս քաղաքի հյուրերին արժանի կերպով ընդունելու եւ տրանսպորտային ծառայությունների իրականացումը կազմակերպելու համար: Ինչպես գրում է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթը, նահանգապետի շրջաբերականն արդեն ուղարկվել է պետական հիմնարկներին, որոնք ունեն հանրակացարաններ, Թուրքիայի տուրիստական գործակալություններին, ինչպես նաեւ Պոլսո Հայոց պատրիարքին: Ըստ այդ շրջաբերականի, ստեղծվել է հատուկ հանձնաժողով` հյուրերին արժանի կերպով ընդունելու համար: Նաեւ սահմանվել են հյուրանոցների ու հանրակացարանների գները: Այսպես. Մելիք-Շահ ուսանողական հանրակացարանում մեկ գիշերն այս օրերին կարժենա 60-140 դոլար: Պետական հանրակացարաններում գները մի փոքր ավելի բարձր կլինեն եւ իրենց մեջ կներառեն նախաճաշն ու ընթրիքը: Համապատասխանաբար, այստեղ մեկ համարը կարժենա 70-140 դոլար: Քաղաքում կազմակերպվող էքսկուրսիան կարժենա 30 դոլար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում առաջին անգամ պատարագ է մատուցվելու: Թեեւ թուրքական կողմը նախապես խոստացել էր մինչ պատարագը խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին, սակայն հետո հայտարարեց, որ չի հասցնում դա անել եւ խաչը կտեղադրվի պատարագից հետո: Սա առիթ դարձավ, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկությունն ու Երուսաղեմի պատրիարքությունը հրաժարվեն պատարագին մասնակցությունից:





























