Մինչ պատկան մարմինները փորձում են իրենց անելիքն անել youtube-ի հայտնի տեսանյութի «հերոսի»՝ զինվորներին նվաստացնող սադիստի հետ, զուգահեռ ընթանում է մեկ այլ պրոցես՝ այդ խայտառակ տեսարանը պատկերող կադրերը youtube «քցողին» հայտնաբերելու ուղղությամբ: Ընդ որում՝ գերխնդիր է դարձել ոչ այնքան առաջին, որքան երկրորդ հանգամանքը պարզելը, քանի որ բանակում տիրող այլանդակ բարքերի մասին պատկան մարմիններն ու հասարակությունը համացանցում հայտնված տեսագրությունից չէ, որ տեղեկացան: Այդ բարքերին մասին քաջատեղյակ է բանակում ծառայած, ծառայող բարեկամ կամ հարազատ ունեցող ցանկացած քաղաքացի: Իսկ այ, այդ բարքերը անմահացնող ու աշխարհով մեկ տարածող «հանդուգն» մարդկանց հայտնաբերելն ավելի մեծ հանրային հետաքրքրություն է ներկայացնում: Եւ ուրեմն՝ ովքե՞ր են այդքան մեծ աղմուկ հանած տեսանյութը տարածողները, որոնց պաշտպանության նախարարությունը հանձն է առել հայտնաբերել ու պատժել: Որպես պոտենցիալ «չարագործներ»՝ (ոմանք գուցե չարագործ բառը կցանկանային տեսնել առանց չակերտների) նշվում է երկու հոգու անուն՝ «ԱրմՆյուզ»-ի մեկնաբան, Slaq.am»ի սեփականատեր Մենուա Հարությունյան եւ «Հայլուրի» նախկին հաղորդավար Արամ Հարությունյան: Ըստ մամուլի տեղեկությունների՝ այդ կադրերը կոնկրետ իշխանական գործիչների «պասով» youtube-ում տեղադրել է ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը։ Սակայն, երբ վերջինիս հարցաքննել են, ասել է, թե ինքը Արամ Հարությունյանի՝ «Հայլուրի» նախկին աշխատակցի կայքից՝ asekose.com-ից է վերցրել։
NEWS.am-ը փորձեց Հարությունյանից ճշտել այս պատմության հետ կապված մանրամասնեը: Նա հաստատեց, որ իրոք տեսանյութը վերցրել է asekose.com-ից, տեղադրել Slaq.am-ում, եւ անմիջապես զանգահարել Պաշտպանության նախարարարություն ու փորձել պարզել՝ «սա ի՞նչ է նշանակում»:
Հարցին, թե ինչպե՞ս է տեսանյութը հայտնվել youtube-ում, Հարությունյանը դժվարացավ ասել՝ նկատելով. «Այ էդ շատ հետաքրքիր է, ես չգիտեմ: Իսկ այն մարդիկ, ովքեր փորձում են դա ինձ վերագրել, պատասխանատվությունն ուզում են իրենց վրայից գցել ուրիշների վրա: Ինձ ճանաչողները բոլորն էլ գիտեն, որ մենք մեր բանակի դեմ նման բան չէինք կարող անել: Եւ ընդհանրապես՝ ես ունեմ բարոյական կոդեր, որոնք երբեք չեմ անցնում, ի տարբերություն շատ-շատերի»:
Նկատենք, որ Մենուա Հարությունյանի հանդեպ ՀՀԿ-ում բացասաբար են տրամադրված, քանի որ հայկական բանակի հոռի բարքերը վեր հանող տեսագրությունը «ռասկռուտկա» է արվել ոչ դես, ոչ դեն՝ իշխանական կուսակցության ներկայացուցիչի սեփական կայքում: Մենուա Հարությունյանն արձագանքելով մեր դիտարկմանն ասաց, թե պարտադիր չէ, որ ՀՀԿ-ում բոլորը սիրեն ու հարգեն իրեն եւ հավաստիացրեց, որ ինքը նվիրյալ ՀՀԿ-ական է: «Չեմ կարծում, որ ՀՀԿ-ում այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, հավատան, որ ես կարող եմ նման բան գցել youtube: Ու ինձ ճանաչողները գիտեն, որ եթե ես ինչ-որ մի բան անում եմ, կանգնում ու ասում եմ՝ ես եմ արել ու պատասխան եմ տալիս: Նույնիսկ բանակի պաշտոնյաները գիտեն, որ դա ես չեմ արել: Իսկ թե ովքեր են արել... Ես կարծում եմ, որ նույն ձեռագիրն է, որը նախկինում արել էին նախագահի դեմ՝ youtube-ում: Եւ ինչպես այն ժամանակ ուզում էին շառն ինձ ու ԲՀԿ-ի, «Շարմի» տղաների վրա գցել, հիմա էլ ուզում են իմ վրա գցել: Իսկ քանի որ դա չի հաջողվի՝ կփնտրեն ուրիշ տեղ ու կսկսեն հետաքննություն իրականացնել»:
Ի դեպ, Մենուա Հարությունյանը չի պատրաստվում հայց ներկայացնել նրանց դեմ, ովքեր հանիրավի իրեն մեղադրում են «չարած բաների մեջ»: «Եթե ամեն մի ասածի հետեւից ընկենք ու փորձենք պարզաբանումներ անել՝ ամբողջ օրը պետք է զբաղվենք դրանով: Իսկ ես ավելի շատ զբաղված եմ բիզնեսով, ստեղծում եմ աշխատատեղեր, վճարում եմ հարկեր ու փորձում եմ արդար քրտինքով, առանց երկիրը, պետական բյուջեն թալանելու՝ իմ քրտինքով ապրել իմ եկրում: Կարծում եմ՝ դա խրախուսելի է եւ նման մարդկանց պետք է գովել, այլ ոչ թե քննադատել»,-անկեղծացավ Հարությունյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ իր ազգանվանակից Արամ Հարությունյանն է իր՝Մենուայի դեմ պատվեր կատարում՝ նրան վերագրելով youtube-ում տեսանյութը տարածելու արարքը, սեփական քրտինքով ապրող երիտասարդ ՀՀԿ-ականն արձագանքեց. «Դա իր պրոբլեմն է, ես այն մարդը չեմ, որ իջնեմ նրա մակարդակին: Եթե ինքը մտածում է, որ կարող է ինչ-որ նման բան անել՝ սխալվում է: Ես կարող եմ ապացուցել, որ իմ սայթում տեսանյութը հայտնվել է իր սայթից, իսկ թե ո՞նց է այն հայտնվել իր սայթում, թող ինքը բացատրի»:
Ի դեպ, NEWS.am-ին որոշ աղբյուրներ հայտնեցին, որ Slaq.am-ն ունի այնպիսի տեխնիկական հնարավորություններ, որ այդ կայքում տեղադրված տեսանյութերը ավտոմատ կերպով հայտնվում են youtube-ում: Եթե դա իրոք այդպես է, ապա գործ ունենք այսպես ասած՝ «չկանխամտածված դիտավորության» հետ:
Հ.Մանուկյան




























