Մինչ Հայաստանում անհամբերությամբ սպասում են, թե «Գազպրոմը» ինչ գին կսահմանի Հայաստան մատակարարվող գազի համար 2011 թվականին, այդ կազմակերպության փոխնախագահ Վալերի Գոլուբեւը երեկ հայտարարել է գազի գինը Ուկրաինայի համար։ Այն կազմելու է 250 դոլար՝ 1000 խմ-ի համար։ Այս հայտարարությունը փարատում է այն մտավախությունները, որ «Գազպրոմը» Հայաստանին գազը կմատակարարի եվրոպական գներով, որ մոտ 300 դոլարի սահմաններում է։ Այսպիսով՝ կարելի է վստահ լինել, որ Հայաստան մատակարարվող գազի սակագինը չի գերազանցի 250 դոլարը, հնարավոր է՝ լինի ավելի պակաս, քանի որ վերջին տարիներին Հայաստանը միշտ էլ ավելի ցածր գներով է գազ ստացել, քան Ուկրաինան։
Հիշեցնենք, որ 2008 թ. «Գազպրոմի» եւ «Հայռուսգազարդի» նախագահներ Ալեքսեյ Միլլերի եւ Կարեն Կարապետյանի միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2011 թ. «Գազպրոմը» Հայաստանի հետ հաշվարկներում կանցնի եվրոպական գներին, սակայն այդ անցումը միաժամանակ պետք է տեղի ունենա եւ Հայաստանում, եւ Ռուսաստանում։ Սակայն Ռուսաստանը դեռեւս չի պատրաստվում ազատականացնել գազի ներքին շուկան, հետեւաբար՝ հիմքեր չկան պնդելու, որ Հայաստանին գազը կվաճառվի եվրոպական գներով։
Ս.Ա.




























