Asekose.com կայքի հիմնադիր Արամ Հարությունյանը արձագանքել է youtube-ում տեղադրված սկանդալային տեսահոլովակի հետ կապված խոսակցություններին, որոնք կապվում են իր անվան հետ: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բանակի հարցով մտահոգ ցանկացած մարդ այդ տեսանյութը կտեղադրեր իր կայքում: Արամ Հարությունյանը վստահեցրեց, որ տեսանյութը վերցրել է Facebook ցանցից: Նա միաժամանակ հերքեց լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իրեն տարել են Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն (6-րդ վարչություն) ու հարցաքննել: Նրա խոսքով՝ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Ինձ ոչ մի տեղ էլ չեն կանչել ու չեն հրավիրել»,-ասաց նա:
Մեկնաբանելով «ԱրմՆյուզի» մեկնաբան, ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանի հայտարարությունը, ով տեղանյութը վերցրել է Asekose.com-ից եւ տեղադրել իրեն պատկանող Slaq.am կայքում, Հարությունյանն ասաց. «Մենուան միակ մարդը չէ, որ օգտվում է ինձ պատկանող կայքից: Բայց ինձ համար պարզ չէ, թե ինչո՞ւ է նա այդ փաստն անընդհատ շեշտում»:
Նշենք, որ Մենուա Հարությունյանը հայտնի է Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ ունեցած իր սերտ կապերով: Ինչպես նշում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը, տեսահոլովակը Մենուա Հարությունյանին «պաս են տվել» իշխանական ճամբարի որոշ լիդերներ:
Նշենք, որ օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Պնախարար Սեյրան Օհանյանը ամենայն խստությամբ հայտարարեց, որ ինչպես տեսանյութի սադիստ սպային, այնպես էլ տեսագրությունը youtube-ում տեղադրողներին խիստ պատիժ է սպասվում: Տեսահոլովակում մասնավորապես պատկերված է, թե ինչպես է մինչեւ գոտկատեղը մերկ սպան նվաստացնում ՀՀ ԶՈՒ համազգեստով երկու զինվորի՝ խփելով նրանց գլխին ու քաշելով նրանց ականջները:





























