Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից ժամանել է Ալժիր, այդպես էլ որեւէ հայտարարություն չանելով մամուլի համար: Նրա այցելությունը Դամասկոս շարունակվել է 2 ժամից էլ պակաս: Իրանի նախագահը բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որոնք նվիրված են եղել երկկողմ համագործակցությանը, Մերձավոր Արեւելքում եւ Իրաքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին:
Տեղի լրատվամիջոցները գրում են, որ Թեհրանի եւ Դամասկոսի դիրքորոշումներում հակասություններ են նկատվում, մասնավորապես, սեպտեմբերի 2-ին սկսված իսրայելա-պաղեստինյան երկխոսության հետ կապված: Սիրիան շատ զուսպ է արձագանքել Իսրայելի վարչապետի Բենյամին Նաթանյահուի եւ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի երկոսությանը եւ ձեռնպահ է մնացել խաղաղ բանակցությունները ձախողելու որեւէ քայլից:
Բացի այդ, սեպտեմբերի 16-ին Սիրիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջորջ Միթչելը, ով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ քննարկել է Սիրիայի եւ Իսրայելի միջեւ շփումները վերականգնելու հեռանկարները, որոնք դադարել էին 2008-ին Իսրայելի կողմից Գազայի հատվածում զինված գործողությունից հետո:
Սիրիայի նախագահն իր հերթին, ամերիկացի բանագնացին հայտարարել է, որ խաղաղ կարգավորման համար «անհրաժեշտ են հստակ սկզբունքներ եւ երաշխիքներ, ստորագրված համաձայնագիրը կյանքի կոչելու համար»: «Մենք Իսրայելից զիջումներ չենք ուզում, միայն ուզում ենք, որպեսզի նա վերադարձնի գրավյալ տարածքներն իրական տիրոջը»,- ասել է նա:





























