Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ ժամանել է մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանին: Նշենք, որ Գյուլը պետք է նախագահի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի առաջին նիստը, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին:

Նրա այցելության ընթացքում երկու բարձր մակարդակի հանդիպում է կայանալու: Առաջինի ժամանակ քննարկվելու է խաղաղության պահպանմանն ուղղված միջոցների արդյունավետության բարձրացման ուղիները: Սպասվում է, որ այդ նիստին կմասնակցի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասաու Լուլու դա Սիլվան:

Երկրորդ նիստը վերաբերելու է ահաբեկչության դեմ պայքարին, որը նախատեսված է սեպտեմբերի 27-ին եւ տեղի կունենա Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ բժիշկները խորհուրդ չէին տվել Աբդուլա Գյուլին մեկնել Նյու Յորք, քանի որ վերջին ժամանակներս նրա առողջությունը լավ չէ, բայց Թուրքիայի նախագահն, այնուամենայնիվ,  մեկնել է ԱՄՆ: