Երեխաների խնամքի եւ պաշտպանության Երեւանի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունից պնդում են, որ փետրվարի 27-ին ԱԻՆ կեղծ ահազանգ է ստացվել, դպրոցում ոչ մի երեխա չի ցանկացել ինքասպան լինել:

Դպորցի աշխատակիցներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ տատիկի խնամքին գտնվող երկու եղբայրներից մեկը զանգել է տատիկին, լաց եղել, ասել, որ ուզում է տուն գնալ:

«Երեխան զանգել է տատիկին, լացել է, տուն է ուզել գնալ, քանի որ տատիկը ամեն շաբաթ չի տանում: Տատիկն էլ վախեցել է, որովհետեւ մի անգամ երեկոյան երեխան կանգնել է պատուհանի մոտ, ուզել է գցել իրեն: Դրա համար էլ այս անգամ, տատը զանգել է ԱԻՆ, ասել՝ գնացեք հասեք, գցում է իրեն երեխան, մեզ էլ ասեց, րոպե չի ունեցել, որ մեզ զանգեր»,-պատմեց գիշերօթիկի աշխատակիցը:

Աշխատակիցը նշեց, որ տատիկը երեխաներին տարել է Արարատ քաղաք, որտեղ ապրում են:

«Հետո տատիկը եկավ, երեխան արդեն դեպրեսիայի մեջ էր, նրան ու եղբորը տարավ տուն»,-ասաց գիշերօթիկի աշխատակիցը:

Նրա խոսքով՝ գիշերօթիկում սովորում են սոցիալապես անապահով խավի երեխաներ, որոնք մտավոր կամ առողջական խնդիրներ չունեն: Ըստ աշխատակցի՝ երեխաների հետ աշխատում է երկու հոգեբան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 27-ին ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ժամը 19:00-ին քաղաքացին ահազանգել է և հայտնել, որ իր թոռները` Դ. եւ Հ. Ա-երը գտնվում են Նուբարաշեն վարչական շրջանի գիշերօթիկ դպրոցում և իրեն հայտնել են, որ ցանկանում են ինքնասպան լինել` կախվելու միջոցով:

Գիշերօթիկ դպրոց ժամանած փրկարարները երեխաների խնամքի և պաշտպանության համար թիվ 2 գիշերօթիկ հաստատության սաներ, 10-ամյա Դ.Ա.-ի, 14-ամյա Հ.Փ.-ի հետ որոշ ժամանակ հոգեբանական զրույց ունենալուց հետո կարողացել են համոզել, որպեսզի երեխաները չդիմեն այդ ծայրահեղ քայլին: