Քաղաքացիական ակտիվիստ, փետրվարի 19-ից կալանավորված, ապա ազատ արձակված Վարդգես Գասպարիին այսօր` փետրվարի 29-ին, Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թույլ չտվեց շարունակել հայտարարությունը, որն առնչվում է ՔԿՀ-ում Գասպարիի նկատմամբ տեղի ունեցած բռնություններին:
Դատական նիստի ժամանակ Գասպարին պատմեց, թե խցում իրեն ծեծի են ենթարկել, բռնություն կիրառել: Նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը, սակայն, Գասպարիին թույլ չտվեց ավարտել խոսքը:
«Դուք կես ժամ հայտարարություն արեցիք, որը չի առնչվում այս գործին, հետեւաբար, խնդրում եմ չշարունակել Ձեր հայտարարությունը եւ հանդես գալ համապատասխան միջնորդությամբ, որը վերաբերում է քննվող գործին: Բացի դրանից, Ձեր նշած հայտարարության վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում»,- ասաց Նելլի Բաղդասարյանը:
Գասպարին շարունակեց հայտարարությունը եւ դատավորը դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալի նկատմամբ` զգուշացում: Ամբաստանյալի փաստաբան Տիգրան Եգորյանը հորդորեց մինչեւ հետեւություններ անելը` լսել իր պաշտպանյալին. միգուցե միջնորդության նախաբանն է նա ներկայացնում:
«Լավ, Ձեզ տրվում է 30 վայրկյան` միջնորդությունը ներկայացնելու համար»,- ասաց Նելլի Բաղդասարյանը:
Այս որոշումը դարձավ բանավեճի առարկա Նելլի Բաղդասարյանի եւ Տիգրան Եգորյանի նկատմամբ:
«Սա ծաղր է արդարադատության համակարգին, սա բավարար հիմք է` Ձեզ պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց Տիգրան Եգորյանին, ինչից հետո դատավորը պահանջեց հարգանք ցուցաբերել դատարանի նկատմամբ, ապա դատական սանկցիա կիրառեց:
Դատարանն այնուամենայնիվ 30 վայրկյան տրամադրեց, ինչից հետո Գասպարին պառկեց նիստերի դահլիճում:
Նշենք, որ դատական նիստը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է, ապա փետրվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` ազատ է արձակվել:
Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:











