Երեւանում փետրվարի 28-ի լույս 29-ի գիշերը 25-ամյա երիտասարդի վրա արձակված կրակոցների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել:

NEWS.am-ի տեղեկություններով, դեպքից առաջ 25-ամյա Արթուր Գեւորգյանի մեքենայի մեջ այլ անձինք են եղել, որոնց նա իջեցրել է՝ ասելով, որ հանդիպում ունի: Դրանից որոշ ժամանակ անց տեղի է ունեցել դեպքը:

Մեր տեղեկություններով նա հրազենային վնասվածքները ստացել է Աճառյան փողոցից դեպի հոգեբուժարան տանող ճանապարհին: Արթուր Գեւորգյանի ուղղությամբ արձակվել է 7 կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր օր.-ի 34 -104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհայտ անձինք հրազենային վնասվածք ստացած երիտասարդին բերել, թողել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում եւ հեռացել են: Տուժածը Նոր Արեշի բնակիչ Արթուր Գեւորգյանն է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԲԿ-ի փոխնտօրեն Գագիկ Մանուկյանը հայտնել է, որ երիտասարդի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության ապարատին:

«Երիտասարդը Վերակենդանացման բաժանմունքում է: Դեպքի մանրամասները չգիտենք, գիտենք միայն, որ բերել, թողել էին մեր հիվանդանոցի բակում եւ հեռացել»,- ասել է Գագիկ Մանուկյանը: