«Լակոտ» արտահայտությունը կարող է վիրավորանք ու սպառնալիք դիտվել, եթե հանրության համար անհայտ որեւէ մեկը վաստակաշատ, հայտնի գիտնականին, ակադեմիկոսին ասեր «լակոտ», իսկ Շուշան Պետրոսյանը, որը նման բան է գրել, հանրության համար ճանաչելի, վաստակ ունեցող անձ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Շուշան Պետրոսյանի վերաբերյալ էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշմանը:
«Ե՞րբ կլիներ լակոտ արտահայտությունը վիրավորանք եւ ինչ-որ տեղ՝ սպառնալիք:
Եթե պատկերացրեք, որեւէ մեկը, հանրության համար անհայտ, վաստակաշատ, հայտնի գիտնականին, ակադեմիկոսին ասեր «լակոտ»: Այ դա կլիներ իսկապես վիրավորանք»,-ասաց նա:
Հարցին, թե վաստակաշատ մարդը կարող է «լակոտ» ասել, բայց վաստակաշատ մարդուն չի՞ կարելի, Հարությունյանն արձագանքեց. «Ես ասում եմ իմ գնահատականը: Ես այդ դեպքում կասեի, որ վիրավորելու ակնհայտ միտում է ունեցել, իսկ այս դեպքում ես այն գնահատում եմ որպես սաստում, վերջ»:
Դիտարկմանը, թե ստացվում է, որ ԱԺ պատգամավորները կարող են աջ ու ձախ մարդկանց ասել՝ «լակոտ, աչքերդ կհանեմ» ու դա խախտում չի՞ համարվի, Խոսրով Հարությունյանն ինքը վիրավորեց լրագրողին՝ ասելով. «Պետք է հիվանդ երեւակայություն ունենալ իմ ասածից նման եզրակացություն անելու համար»:
NEWS.am-ի հարցին, թե երբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանն էր ի պաշտպանություն Սեյրան Օհանյանի սպառնացել, թե Պնախարարի դեմ հանդես եկողները կբռնաբարվեն, նրա արարքը էթիկայի խախտում համարվեց, այսինքն այն դեպքում բռնաբարվելու իրական հնարավորություն կա՞ր, էթիկայի հանձնաժողովի նախագահն ասաց. «Այն ժամանակ ես չեմ եղել հանձնաժողովում: Պետք է ենթադրել, որ այն ժամանակ դա համարել են էթիկայի նորմերի խախտում: Ամեն մի կոնկրետ դեպքում պետք է դիտարկվի խնդիրը: Չի կարելի որեւէ արտահայտություն ընդհանրացնել բոլոր մնացած դեպքերի վրա: Ասենք եթե ձեր հայրը ձեզ ասեր՝ «աչքրեդ կհանեմ, լակոտ», դա կդիտեիք որպես սպառնալի՞ք»:
Խոսրով Հարությունյանի խոսքով իրենք խորհրդատվություն ենք ստացել որոշ փաստաբաններից, հասկանալու համար, թե որ դեպքում «լակոտ, աչքերդ կհանեմ» արտահայտությունը կարող է դիտվել որպես սպառնալիք: «Բոլոր փաստաբանները, որոնց հետ խոսել եմ, փաստում էին, որ տվյալ պարագայում, հաշվի առնելով Շուշան Պետրոսյանի էությունը, որ բացի պատգամավոր լինելուց մշակույթի գործիչ է, նրա խոսքը չի կարելի որեւէ կերպ որակել որպես սպառնալիք: Սա կտրուկ սաստելու փորձ է եղել: Իմ կյանքում էլ, փոքր հասակում մեծերն ասել են՝ ականջներդ կկտրեմ, այ լակոտ: Դրանից չի բխում, որ գալու էին իմ ականջները կտրեն: Դրանով խրատում են ինձ: Այս դեպքում խոսքը բացառապես դրա մասին է»,-ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 29-ին, Հայաստանի ԱԺ էթիկայի հանձնաժողովը էթիկապես խախտում չի ճանաչել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի արարքը:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին ասել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:
Սույն խոսակցությունն սկսվել էր այն բանից հետո, երբ օգտատերը Արցախում զինծառայողի զոհվելուց հետո գրել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից...»:
Այս առնչությամբ հունվարի 13-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից փոստային առաքման միջոցով դիմում է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով:





























