Երեւանի կենտրոնում գտնվող նախկին Santa Fe սրճարանի տարածքում, որտեղ այժմ բարեկարգման աշխատանքներ են կատարվում, ծառահատում չի եղել: Այս մասին այսօր` փետրվարի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց բարեկարգվող տարածքի վերահսկիչ Մամիկոն Հարությունյանը` նշելով, որ իրականությանը չեն համապատասխանում այն ահազանգերը, ըստ որոնց այդ տարածքում ծառեր են հատվել:

«Քաղաքապետարանից թույլտվություն ունենք տարածքի բարեկարգման համար, ոչ մի ծառ չի հատվում, մի խոսքով ծառահատման հետ կապված ոչ մի խնդիր չկա: Մի հատ չորացած ծառ կա այստեղ, որ հնարավոր է, որ ինչ-որ մեկի վրա ընկնի, դիմում ենք գրել, թելերով կապել ենք, որ չընկնի, էտման սեզոնին ենք սպասում, որ գան հանեն ծառը»,-ասաց նա:

Մամիկոն Հարությունյանի խոսքով, նախկին Santa Fe սրճարանի փոխարեն լինելու է մանկական սրճարան. «Նաեւ շատրվաններ, արձաններ են տղադրվելու եւ կանաչապատվելու է տարածքը»:

Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 29-ին, բնապահպաններն ահազանգել էին, որ Santa Fe սրճարանի տարածքում շինարարություն իրականացնողները ծառեր են հատել: