Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Գարիկ Արզունյանին սպանելու, նրա դիակը այրելու մեջ կասկածվող 47-ամյա Մայիս Խրշոյանը չի զղջում իր արարքի համար:

«Նրա համար ես ինչ զղջամ, նա ինձ մեր ա քրֆել»,- ոստիկանությունում ասել է Մայիսը:

Մայիս Խրշոյանը պատմել է, որ Գարիկին սպանել է իրեն հայհոյելու համար: 

«Մեր տանը խմած նստած էինք, սկսեց ամբախ-զամբախ խոսալ, հայհոյեց, փայտը վեկալա, տվի գլխին, մեռավ: Պոլի խալին հանեցի, փաթաթեցի, դրեցի բագաժնիկս, բերեցի, գետի ափին վառեցի»,- ինքնախոստովանական ցուցմունք տալիս պատմել է Մայիս Խրշոյանը:  

Նա ասել է, թե ուզեցել է թաղել սպանվածին, բայց չի ստացվել, այդ պատճառով վառել է ու գցել ջրանցքը:

Հանցագործությունը կոծկելու համար ոստիկանությունը բերման է ենթարկել նաեւ 1993թ. ծնված մի տղայի:

«Մտա իրանց հայաթ, ասեցի՝ էդ ինչ ա մեջը, ասեց՝ էդ գյադեն ա մեջը, լեզվին ատվել, խփել եմ»,-  պատմել է տղան:

Հիշեցնենք, որ Նորամարգ գյուղի ջրատարում փետրվարի 22-ին հայտնաբերել էին այրված դիակ: Պարզվել է, որ սպանված տղամարդը Ջրաշեն գյուղի բնակիչ Գարիկ Արզունյանն է: Նրան սպանել  են, այրել եւ նետել ջրատարը:

Ըստ քննչական կոմիտեի` դեպքը եղել է փետրվարի 11-ին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Ջրաշեն համայնքի բնակիչ 33-ամյա Գարիկ Արզունյանն տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Գարիկ Արզունյանն ամուսնալուծված էր, բնակվում էր ծնողների հետ, հիմնական աշխատանք չուներ: