ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ավելի ամուր գործընկերության հաստատումը շահեկան է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ սա նրա առաջին այցն է Հայաստան, որն անկասկած իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման եւ խորացման վրա:
Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ավելի ամուր գործընկերության հաստատումը շահեկան է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլեւ ողջ տարածաշրջանի համար:
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է արվել Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, հարաբերությունների նոր իրավական հիմք ձեւավորելու շուրջ բանակցությունների ընթացքին:
Արտգործնախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու եւ ընդլայնելու համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Կողմերն անդրադարձան համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերին՝ քաղաքական երկխոսությանը, շարժունակությանը, մարդու իրավունքներին, տնտեսական բարեփոխումներին, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերին Հայաստանի մասնակցությանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շնորհակալ է Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության եւ օժանդակության համար, ինչը նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար։ Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը՝ ԱԳՆ դիվանագիտական դպրոցին հիմնադրումից ի վեր ցուցաբերվող կարեւոր աջակցության համար։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Մերձավոր Արեւելքում, մասնավորապես՝ Սիրիայում տիրող իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը համախմբելու կարեւորության շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել միգրացիոն ճգնաժամին եւ փախստականների հոսքերին։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում ապաստանել են Սիրիայից ժամանած շուրջ քսան հազար փախստականներ. այդպիսով, մեր երկիրը հանդիսանում է բնակչության թվի հարաբերակցությամբ՝ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ հայկական կողմը արժեւորում է այս հարցում ԵՄ կողմից Հայաստանին հնարավոր օժանդակության ցուցաբերումը։
Բանակցությունների օրակարգում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության իրականացումը։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է ԵՄ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Կողմերը համակարծիք էին, որ իրավիճակի սրմանը նպաստող ապակառուցողական քայլերը, ռազմատենչ հռետորաբանությունը վնասակար են եւ նպաստում են ստատուս քվոյի երկարաձգմանը։
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է հետեւողական ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։





























