ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ քննարկել են ղարաբաղյան հարցին, սահմանադրական փոփոխություններին, ընտրական օրենսգրքին եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում Մոգերինիի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մոգերինին եւ իր պատվիրակությունը ողջունեցին Հայաստանում անցկացված բարեփոխումները, իսկ ընտրական օրենսգրքի մասին իրենց կարծիքը կհայտնեն առաջիկայում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ ընտրակեղծիքների հետ կապված որեւէ հարց չի քննարկվել:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ երկու կողմերը շահագրգռվածություն են հայտնել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի շուրջ գործընթացն արագացվի եւ առաջիկայում արդյունքներ լինեն:
Նշենք, որ Մոգերինին այս պահին հանդիպում է մյուս խմբակցությունների հետ ՝ Ժառանգություն, ՕԵԿ, ՀԱԿ, ԲՀԿ:
Հիշեցնենք, որ Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանում է մեկօրյա այցով: Մինչ այս նա եղել է Բաքվում:





























