Ազգային ժողովում ավարտվել է Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը ԱԺ ընդդիմադիր ուժերի հետ:
Հանդիպումից հետո Մոգերինին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Հանդիպումից մանրամասներ չհայտնեցին նաեւ պատգամավորները:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երկկողմանի պայմանավորվածություն է եղել չհրապարակել հանդիպման մանրամասները:
Նշենք, որ այս հանդիպմանը նախորդել էր հանդիպում Մոգերինիի եւ ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների միջեւ: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասել էր, որ հանդիպմանը քննարկել են ղարաբաղյան հարցին, սահմանադրական փոփոխություններին, ընտրական օրենսգրքին եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանում է մեկօրյա այցով: Մինչ այս նա եղել է Բաքվում:





























