ՄՏԿ-ում փոխվել է անձնակազմի հրամանատարը: ՆԱՍԱ-ի աստղանավորդ Սքոթ Քելլին Միջազգային տիեզերակայանի հրամանատարությունը փոխանցել է իր գործընկերոջը` Տիմոտի Կոպրեին: Վերջինս անձնակազմի աշխատանքը կղեկավարի մինչեւ ՄՏԿ 47-րդ երկարաժամկետ արշավախմբի ժամանումը:
Այդ ընթացքում Քելլին ռուսաստանցի երկու տիեզերագնացի` Միխայիլ Կորնիենկոյի եւ Սերգեյ Վոլկովի հետ պատրաստվում է հեռանալ ուղեծրային կայանից: ՆԱՍԱ-ի աստղանավորդը երկիր առաջիկա վերադարձն անվանել է «դառը ուրախություն», տեղեկացնում է NTDTV-ն:
Տիեզերագնացների վերադարձը երկիր նախատեսված է մարտի 2-ին: Քելլիի եւ Կորնիենկոյի` ուղեծրային կայանում անցկացրած ժամանակը 340 օր կկազմի: ՆԱՍԱ-ի աստղանավորդը դրանով տիեզերքում ամենաերկար չընդհատված թռիչքի ազգային ռեկորդ կսահմանի:
Քելլին եւ Կորնիենկոն մասնակցել են տարեկան փորձարկմանը, որը կօգնի ուսումնասիրել, թե տիեզերական տարածությունում երկար մնալն ինչպես է ազդում մարդու օրգանիզմի վրա: Գործընկերները հույս ունեն, որ իրենց աշխատանքի արդյունքները օգուտ կտան նրանց, ովքեր ապագայում Մարս են թռչելու:
Առայժմ ՄՏԿ-ում հրամանատարի հետ կմնան ամերիկացի Տիմոտի Պիկը եւ ռուսաստանցի Յուրի Մալենչենկոն: Հաջորդ արշավախմբի ժամանումը նախատեսված է մարտի 19-ին: Դրա կազմում կլինեն ռուսաստանցի տիեզերագնացներ Ալեքսեյ Օվչինինը եւ Օլեգ Սկրիպոչկան, ինչպես նաեւ ՆԱՍԱ-ի աստղանավորդ Ջեֆրի Ուիլյամսը, որը կստանձնի ՄՏԿ-ի 47-րդ անձնակազմի հրամանատարությունը:











