Նավթի շուկայի 73%-ը վերահսկող երկրները համաձայնության են եկել արդյունահանումը սառեցնելու շուրջ: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նավթային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Ըստ Gazeta.ru-ի, խոսքը նավթային շուկայի առաջատար 15 երկրների մասին է: Նովակը նաեւ նշել է, որ արդյունահանման սառեցումը չի նշանակում թռիչք դեպի 1 բարելը 50-60 դոլարի գին, քանի որ դա կրկին կհանգեցնի շուկայում նավթի ավելցուկի:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Քաթարում Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ու ՕՊԵԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչները համաձայնություն ձեռք բերեցին 2016 թվականին նավթի արդյունահանման ծավալները միջինը հունվարի մակարդակին պահպանելու շուրջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՕՊԵԿ-ը Ռուսաստանին եւ Իրանին ստուգելու է նավթի արդյունահանման սառեցման մասին համաձայնությունը պահպանելու հարցում: Մինչդեռ Իրանը, Reuters գործակալության տվյալներով, մտադիր չէ նվազեցնել նավթի արդյունահանման ծավալները: Հակառակը, փետրվարի արդյունքներով, երկիրը նույնիսկ օրական 200 հազար բարելով ավելացրել է արդյունահանումը: